Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՏՈՆԱԿԱՆ ԷՐ ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Հունիսի 1 –ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է : Իզուր չե, որ այս օրը նշվում է հենց ամռան  առաջին օրը: Այն իր մեջ անսահման  ջերմություն է պարունակում:  Այդ օրը  ստեղծվել է ՝ մարդկությանը մեկ անգամ ևս մարդասիրության ու մանկասիրության կոչ անելու: Աշխարհի բոլոր մանուկները արժանի են գոնե  այս օրը  ունենալու հեքիաթային  անհոգ ու անմոռանալի մանկություն: Վերիշենի նախադպրոցական հաստատության ժպտադեմ ու անհոգ  96 մանուկների համար իսկական հեքիաթային տոն  էր կազմակերպվել: Կրթահամալիրի տոնական զարդարված դահլիճում փոքրիկ սաները ուրախ երգ ու պարով ներկայացրին իրենց առօրյան ու չարաճճի արկածները սիրելի մանկապարտեզում: Երեխաներն իրենց զվարթ խաղով ու բարձր տրամադրությամբ կարողացան ներկա հյուրերին ևս տեղափոխել մանկության հրաշք մոլորակ: 
 Վերիշենի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է այս ջերմ տոնի կապակցությամբ և մաղթում, որ յուրաքանչյուր երեխա ունենա  պայծառ ու երջանիկ մանկություն, թող որ յուրաքանչյուր փոքրիկի  մանկություն անցնի ջերմ ու սիրառատ ընտանեկան մթնոլորտում:
















ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՕՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛  Վերիշենի  միջնակարգ դպրոցի շրջանավարտներ, 
 Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ: Ավարտելով դպրոցը անցյալում եք թողնում մանկությունն ու պատանեկությունը:
  Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիդ համար, քանի որ  դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Այս օրն անկասկած բոլորիդ համար լինելու է  հիշարժան և անմոռանալի: 
Սիրելի՝ շրջանավարտներ, 
 Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ վստահություն, հաջողություն, հավատ, նորանոր ձեռքբերումներ  և բազում հաջողություններ յուրաքանչյուրիդ նախաձեռնություններում:


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ


2016թ-ի մայիսի 23 -ին Վերիշեն համայնքի հետ համագործակցող Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ղեկավարության կողմից Վերիշեն նախադպրոցական հաստատություն /մանկապարտեզ/  հաճախող Վերիշեն և Ակներ համայնքների ավագ խմբի այն 36 երեխաներին , որոնք 2016-2017 ուսումնական տարում պետք է հաճախեն միջնակարգ դպրոց, տրվել են նվերներ ՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
 Շենգավիթ համայնքի ղեկավարությունը  նաև օգնություն է տվել համայնքում բնակվող , սոցյալապես անապահով  Սեվակ Միրումյանի  ընտանիքին:
  Վերիշեն համայնքի ղեկավարությունը, նախադպրոցական հաստատության տնօրինությունը և նվերներ ստացած երեխաների ծնողները իրենց երախտագիտոթյունն ու շնորհակալությունն են հայտնում Շենգավիթ համայնքի ղեկավարությանը: 

Վերանորոգված դասասենյակ և սանհանգույց՝ Վերիշենի դպրոցում

2015թ հոկտեմբերից մինչև 2016թ մարտ ընկած ժամանակահատվածը Վերիշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակի և սանհանգույցի վերանորոգման ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը: Վերիշենի համայնքապետարանի և դպրոցի կողմից կատարվել են համապատասխան համաներդրումներ:
Ծրագիրը մշակվել և իրականացվել է Վերիշենի դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Մարատ Դադունցի և դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի նախաձեռնությամբ:
Ծրագիրը լավ առիթ հանդիսացավ համախմբելու Վերիշեն համայնքի ակտիվ բնակչությանը, որոնցից շատերը անշահախնդիր իրենց ներդրումն ու մասնակցություն են ունեցել աշխատանքների իրականացման գործում:
Պետք է շեշտել, որ Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցը, համայնքի ամբողջ բնակչությունը երախտապարտ են Գերմանիայի դեսպանատանը: Տնտեսական ծանր ժամանակահատվածում այս նախաձեռնությունը բավական մեծ ու գնահատելի նվեր էր Վերիշեն համայնքի, դպրոցի համար:
Այս ծրագիրը էլ ավելի ամրապնդեց երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապը, բազմապատկեց Գերմանիայի մշակույթի, լեզվի, երկրի նկատմամբ Վերիշեն համայնքի ունեցած հետաքրքրությունն ու համակրանքը: